Մոսկովյան պուրակում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ հանրային քննարկումներն ու սոցիալական ցանցերում ծավալված բանավեճերը ստվերել են անգամ քաղաքական վերջին զարգացումները: Տեսակետները ծայրահեղ են, ոմանք պնդում են, թե «ոճրագործի» արձանը չպետք է քաղաքում լինի, մյուսները կարևորում են նրա երկարամյա գործունեությունը: Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում շեշտեց, որ արձանները յուրաքանչյուր քաղաքի զարդն են։ Մինչ «թեժ» թեմային անցնելը, նա անդրադարձավ Օղակաձև զբոսայգու ներկա վիճակին. «Այն, բառի բուն իմաստով, զբոսայգի պիտի լիներ` ընդամենը մի քանի սրճարաններով, թեթև կառույցներով: Այգում պետք է տեղադրված լինեին մեր ազգի մեծերի արձանները: Դրվեց Արմեն Տիգրանյանինը, Դերենիկ Դեմիրճյանի արձանը դեռ խորհրդային տարիներին պիտի լիներ, սակայն առայսօր միայն մակագրությամբ քարն է տեղադրված: Կան տեղեր, որոնք արդեն մատնանշված են, թե ում արձանները պիտի լինեն: Չարենցի, Միքայել Նալբանդյանի արձանները ևս կան: Ի միջի այլոց, Նալբանդյանինը լավագույն արձաններից է, Այվազովսկունը մի քիչ անհաջող է: Հետագայում այգու հիմնական «բաղադրիչը» դարձան սրճարանները: Այն ժամանակ ասում էին՝ 50 քմ տարածք տանք սրճարաններին, որ ջրեն, պահպանեն, խոտ աճեցնեն, որ չտեսնված լավ վիճակ լինի: 50 քմ-ն դարձավ 200, իսկ այդ 50 քմ-ն էլ, որ պիտի մաքրեին, չեն մաքրում: Տեսեք` Արմեն Տիգրանյանի արձանի մոտ ինչ աղբ է կուտակված: Բա ամոթ չէ՞ մեզ»:
Փաստորեն, ինչպես ամեն ոլորտում, այստեղ էլ շարժվում ենք նույն սովորությամբ. եղածը չենք պահպանում, բայց ուզում ենք ստեղծել նորը: Անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, ճարտարապետը կարևորեց հանրային քննարկումները, սակայն անընդունելի համարեց պատմական փաստերին այդպիսի ծայրահեղ մոտեցում ցուցաբերելը: «Շատ վատ է, երբ տեղն եկած ժամանակ այդ մարդու առավելություններից օգտվում ենք, բայց մի վայրկյանում էլ դարձնում ենք «փալաս»: Հնարավոր է՝ դեռ շուտ է նրան անդրադառնալը: Պատմությունը դեռ պետք է մարսվի, անցյալ դառնա, որ ամեն մեկի իրական արժեքը երևա: Պետք է քաջություն ունենալ ու խոստովանել, որ նա շատ բաներ է արել, որոնց մասին մենք չգիտենք: Մեկն ասում է ` էս ինչ գրությունն այսպես է եղել: Ո՞վ է տեսել դա: Պատմաբանները դեռ պետք է նրան հանրությանը «մատուցեն»: Նա պատահական մարդ չէ: Պատմությունը պիտի իմանալ ու այդ «կեղևներից» ազատվել: Գրում են, թե ստալինիզմի վերադարձ է, ա՛յ մարդ, այդպիսի բան չկա»,- վստահեցրեց Մկրտիչ Մինասյանը, հավելելով, որ Միկոյանին հայերը միշտ էլ հարգել են, երբեմն նույնիսկ «դրոշակ» են դարձրել: Ըստ ճարտարապետի, այս քննարկումը հանրության շրջանում «շերտավորում» է առաջացնում, և մարդիկ էլ չգիտեն` ում հավատան, ում` ոչ. «Շատ ճիշտ ընթացք է, թող մարդիկ իրենց կարծիքը հայտնեն: Բայց մի կողմ կա, որ շատ դաժան է վերաբերվում նրան` համարելով «ոճրագործ»: Այդ մարդը ոճրագործ չի եղել, նա իր ժամանակի ծնունդն է»:
Ավելի ընդհանրական խոսելով քաղաքի ճարտարապետական դիմագծի մասին, Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ պուրակներ կառուցելու փոխարեն մենք գնացինք հակառակ ճանապարհով. «Լցրեցինք այդ տեղերը պատահական կառույցներով և ժողովրդին զրկեցինք ժամանցի խոտածածկ վայրերից»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ